ՃՏՊ-ների հետևանքով տարեկան գրեթե մեկ գյուղի բնակչության չափ զոհեր ենք ունենում. Սերգեյ Ղահրամանյան
|
![]() |
Վթարների պատճառները շատ են. հեռու չգնանք, ակնախացումից ի վեր որոշ դեպքերում վարորդական իրավունքների տրամադրման արատավոր պրակտիկան, վարորդների էթիկայի բացակայությունը, կրթական ցենզը, գիտակցության մակարդակը, ինչպես նաև երթևեկության պայմանները: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
Վերջին 3 տարիների ընթացքում ՃՏՊ-ները ավելացել են: «2018 թվականին ճՏՊ-ները 267-ից հասել են 343, իսկ այս տարի մոտավորապես 165 զոհ ունենք: Հունիսի 1-ի դրությամբ ոստիկանությունը պաշտոնապես ներկայացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ արդեն 8 զոհ ավելի ունենք»:
Սերգեյ Ղահրամանյանը նշում է՝ նախորդ տարի ապրիլ-մայիսին ոստիկանության մեղմացումը ևս նպաստում է ՃՏՊ-ների ավելացմանը: Քանի որ հենց այդ շրջանում շատ վարորդներ իրենց ազատություն թույլ տվեցին, և երկրում սկսեց տիրել շարունակական անպատժելիություն:
«ՃՈ-ն միայն զբաղվում է վերահսկողությամբ, Երևանում նաև երթևեկության կազմակերպմամբ: Մարզերում կազմակերպումը տրված ա ՏԻՄ-երին: Արդյունքում՝ համակարգը փոխկապակցված չէ, այդ պատճառով մարդիկ ճանապարհներին զոհվում են»:
Խաղաղ պայմաններում, ըստ Ղահրամանյանի, շատ վատ է, որ Հայաստանում մեծ թվով զոհեր են գրանցվում: «Մենք ՃՏՊ-ների հետևանքով տարեկան գրեթե մեկ գյուղի բնակչության չափ զոհեր ենք ունենում: Ընդ որում, ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն՝ ՃՏՊ-ների հետևանքով մարդկային կորուստներից բացի պետությունը կորցնում է 150-170 միլիոն դոլար»:
Ղահրամանյանը նշում է՝ մարդկային կյանքերը փրկելու համար որոշակին ներդրումներ պետք է պետությունն անի: «Մարզային ճանապարհներ կան, որտեղ մշտապես վթարներ և զոհեր են լինում, սակայն պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում՝ հետագա վթարները կանխարգելելու համար»: