Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում

 
Ալավերդու պղնձաձուլարանը՝ Սանահին գյուղից

Հայաստանի հյուսիսում, Լոռու մարզի հովտային հատվածում, Ալավերդի քաղաքն է, որի պղնձաձուլարանը19-րդ դարից սկսվող պատմություն ունի: Մինչև վերջնականորեն կդադարի գործել՝ Ալավերդու պղնձաձուլարանը բնապահպանական բազմաթիվ հարցերի աղբյուրն է, որոնց արձագանքելու հավակնությամբ հին ծխատարը, պղնձաձուլարանի որոշմամբ, փոխարինվեց մի փոքր բարձր տեղադրված նորով: Եվ վերջ:

Արդյունքում թեև Ալավերդի քաղաքի օդային ավազանի աղտոտումը դանդաղեց, սակայն չվերացավ: Ավելին, ծխատարի բարձր դիրքի պատճառով առավել ինտենսիվ ծխահարման գոտում հայտնվեցին Լոռվա հրաշք բնության գրկում ծվարած ու Ալավերդի քաղաքին հարակից գրեթե բոլոր համայնքները:

2017թ. տվյալներով, Հայաստանում չարորակ նորագոյացություն ունի յուրաքանչյուր 70 բնակչից մեկը: Քաղցկեղը ամենաշատ տարածված է Լոռու մարզում, իսկ Ալավերդիում նորագոյացություն ունի բնակիչների 5 տոկոսը, ընդ որում՝ տղամարդկանց դեպքում հաճախակի է շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղը, ինչը, մասնագետների գնահատմամբ, օդի աղտոտվածության հետևանք է: Պղնձաձուլարանի՝ այդ ամենում անմասն լինելու հարցը, թեկուզ միայն այս տվյալների հիման վրա, առկախվում է, իսկ ծխի ազդեցության շառավղի մեծացումն էլ վիճակագրության վատթարացման ուղիղ ճանապարհն է: Դրա ազդեցությունը, ցավոք, չի ուշանա:

Այդուհանդերձ, իր գոյությամբ, ըստ էության, հենց գործարանին պարտական Ալավերդի քաղաքում գործարանի փակվելը սոցիալական լրջագույն աղետ է, որ բնապահպանականի հետ մարդկանց համար ոչ մի հույսի պատուհան չի թողնում:

Լեռնամետալուրգի 38 տարիները

Լեռնամետալուրգ, գրեթե չորս տասնամյակ Ալավերդու պղնձաձուլարանում աշխատած 87-ամյա Միշա Պարմանյանը աշխատանքային գործունեության երկար ու ձիգ տարիների ընթացքում բազում հիվանդություններ է ձեռք բերել։ Առողջությանը հասցված վնասը հետագայում միայն վիրահատական միջամտությամբ է հնարավոր եղել մասամբ վերականգնել։ Ալավերդցի տղամարդը միայն երեք անգամ ճողվածքի վիրահատության է ենթարկվել, ստամոքսը ևս վիրահատված է, այնուհետև աչքի, գլխի վիրահատություններ է տարել, ընդհանուր՝ յոթ վիրաբուժական միջամտություն։ Տարեց մարդն արդեն 38 տարիների հեռուներից ասում է, որ բոլոր հիվանդությունները պղնձաձուլարանում աշխատանքային գործունեության հետևանք են։ Պատմում է, որ առանց հակագազի հնարավոր չէր աշխատել։

Պղնձաձուլարանը՝ 20-րդ դարասկզբին

Փորձառու լեռնամետալուրգը, միայն այսօր, հասկանալով մտաբերում է, որ շրջապատում բոլորն առողջական խնդիրներով էին։ Ժամանակի ընթացքում գործընկերներից շատերը սիրտ-անոթային, շնչառական, նյարդային հիվանդություններով էին, պատճառը նույնն էր՝ աղտոտված օդը։ Տարիներ անց պղնձաձուլարանի աշխատակիցների մեծ մասը անբուժելի հիվանդությունների հետևանքով արդեն հաշմանդամության կենսաթոշակ սկսեց ստանալ։

Ավելին՝ գործարանում ոտնահարվել են աշխատանքային իրավունքները, Պարմանյանը տարիներ շարունակ աշխատել է առանց հանգստի իրավունքի։ Բայց միևնույն է, լեռնամետալուրգն իր սիրելի աշխատանքի մասին այսօր էլ կարոտով է հիշում և հիմա արդեն կյանքի 9-րդ տասնամյակը բոլորող փորձառու մասնագետը, առողջական բազմաթիվ խնդիրներինով հանդերձ, պատրաստակամ է իր փորձը, հմտությունները փոխանցել երիտասարդներին։

Միշա Պարմանյանը խոսում է առողջական խնդիրներից, մինչդեռ ալավերդցիների մեծ մասի համար առավել կարևորն աշխատանք ունենալն է: Քաղաքի ու շրջակայքի բացառիկ աշխատավայրի՝ «Վալլեքս» գրուպի սեփականություն հանդիսացող Ալավերդու պղնձաձուլարանի առկայությունը բազմաթիվ վարկերի տակ կքած տեղացիների համար ապրուստի ապահովման օղակ էր, որի գործունեության տարիներին աղտոտված օդը, կիսամեռ բնությունն ու բազմապիսի հիվանդությունները հետին պլան էին մղված:

Վիճակագրություն՝ ըստ նպատակահարմարության

Վիճակագրությունը օրինաչափություններ բացահայտելու հարցում կարող է լինել անփոխարինելի, իսկ դրա բացակայության դեպքում օրինաչափ երևույթների հարցը մնում է օդում կախված: Տվյալներ հավաքագրելուց հարկ է նաև վիճակագրական որոշ դիտարկումներ անել։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում մարդկանց մահացության կառուցվածքում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը, դրանք մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան երկու երրորդն են:

Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ նախագահ

Ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի, չարորակ հիվանդությունների առումով չկան տվյալներ, թե որ համայնքի բնակիչներն են այս կամ այն հիվանդացության կրողը: Խորքային ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ Ալավերդիում մեծ թվով մարդիկ են դիմում բժշկի, որոնց մոտ ախտորոշվում են այս տարածաշրջանի առանձնահատկությունից բխող հիվանդությունները։

«Եթե Վանաձորում, օրինակ, 2 հազար քաղաքացի է դիմել օնկոլոգիական խնդիրներով, դրանց ո՞ր տոկոսն է Ալավերդուց՝ տվյալներ չկան: Հայտնի չէ նաև Երևան դիմածների քանի՞ տոկոսն են Ալավերդու տարածաշրջանից», ասում է Դուլգարյանը:

Ալավերդի համայնքի Շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձագիտական զեկույցի հեղինակ Անուշ Էվոյանը, որ Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողն է, տարածաշրջանի համար ֆոնային հետազոտության անհրաժեշտությունն է ընդգծում:

«Բարձր ֆոնի դեպքում գործարանի գործունեության հետևանքով թունավորման ախտանիշները կարող են հստակ չզգացվել: Մենք առաջնորդվում ենք նորմատիվներով կամ սահմանային թույլատրելի արժեքով, որը գերազանցելիս, ասում ենք, որ գերազանցել է: Սակայն Ալավերդու համար մենք ֆոնայինը չունենք», մտահոգ է Անուշ Էվոյանը:

Անհոգ չլինելու մյուս հարցն էլ հին ստանդարտներն են, դեռևս խորհրդային ժամանակների մեթոդաբանությունը, մինչդեռ աշխարհում շատ բան է փոխվել: «Մեզ մոտ ծանր մետաղները խնդիր են: Բժշկի դիմողների թիվը բացարձակապես նշանակություն չունի: Չկա որևէ առողջապահական հետազոտություն, թե օնկոլոգիական հիվանդությունների աճը ինչի՞ հետևանք է, միայն ասում են՝ նպաստող հանգամանք կարող է դիտվել օդի աղտոտվածությունը»:

Հետազոտություն չի արվում, քանի որ պետությունը, ըստ Էվոյանի, մշտապես պատճառաբանում է ֆինանսական մեծ ծախսը: Փորձագետի հավաստմամբ, Ալավերդու բնակչությունը հիվանդության դեպքում տարբեր տեղեր է դիմում, շատ դեպքերում չեն գրանցվում, երբեմն չեն էլ դիմում հիվանդանոց կամ չեն նշում բնակության վայրը: Անուշ Էվոյանի խոսքով, նորագոյացության հետևանքով մահացության դեպքում խուսափում են բարձրաձայնել օնկոլոգիական խնդրի մասին։

Օդի աղտոտվածությո՞ւն, թե՞ սթրես

Վերջին տարիներին Ալավերդու բնակիչների՝ չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքային հիվանդանոց դիմելու վիճակագրությունը սահմանափակվում է ոչ թե ընդհանուր, այլ միայն Ալավերդու բժշկական կենտրոն դիմածների մասին տվյալներով:

Ստեփան Մոսինյան, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն

«Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում, այստեղ էլ ավելի շատ դիմում են սրտանոթային, շաքարային դիաբետ ու քաղցկեղի ախտորոշմամբ հիվանդներ: Ըստ վերջին հաշվարկների՝ հիվանդացությունների որոշակի աճ կա», ասում է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Ըստ գլխավոր բժշկի՝ նորագոյացությունների ենթադրյալ պատճառներից են ժառանգականությունը, սթրեսային վիճակը, ալկոհոլի չարաշահումը, սոցիալական պայմանների վատթարացումը, օդի աղտոտվածության նորմայից բարձր լինելը: Խորհրդային տարիներին արտադրական ավելի մեծ ծավալով աշխատող գործարանը 1997-ին վերագործարկվելուց հետո, ըստ Մոսինյանի, քաղցկեղով հիվանդների թվի տարբերություն չարձանագրվեց: Նախկինում Ալավերդու բժշկական կենտրոնը հիվանդությունները վաղ հայտնաբերելու հնարավորություն չուներ:

«Այժմ ունենք բոլոր հնարավորությունները. վաղ հայտնաբերում ենք», ասում է Մոսինյանն ու տեղեկացնում. «Ռիսկային խմբում գտնվողներին անվճար հետազոտում ենք, նաև՝ բուժում»: Օրինակ՝ կրծքագեղձի նորագոյացության համար ռիսկային է 30-60 տարիքային խումբը: Նրանց հետազոտում են «Թեղուտ» ընկերության միջոցներով ու նախաձեռնությամբ ձեռք բերված սարքավորումներով։ Հատկանշական է, որ մեկ այլ հանք շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը «Վալլեքս» գրուպի մաս էր կազմում:

Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգ Հարություն Միքայելյանի փոխանցած տվյալներով, 2017թ.-ին հայտնաբերել են նորագոյացությունների 112 առաջնակի դեպք, 2018թ.-ին՝ 80: Ընդհանուր առմամբ, 2017թ.-ին 629, 2018թ.-ին՝ 666 հիվանդ: Բժշկի պարզաբանմամբ, սա նշանակում է, որ առաջնակի փուլում քաղցկեղային ախտանիշով հայտնաբերված հիվանդները բուժվել են, գրանցվել դիսպանսերում ու շարունակում են ապրել:

2017-ին գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 17 դեպք, 2018-ին՝ 12 դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 2017-ին ՝ 7 դեպք, արգանդի մարմինը՝ 4, ձվարանները՝ 4 դեպք: 2018-ին՝ արգանդի վզիկը՝ 2, արգանդի մարմինը՝ 4, ձվարանները՝ 2:

2017-ին այս կենտրոնում հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղի 7 դեպք, 2018-ին՝ 6: 2017-ին գրանցվել է շնչափողի, բրոնխների ու թոքերի քաղցկեղի 25 դեպք, 2018-ին՝ 11 դեպք: Շագանակագեղձի քաղցկեղ 2017-ին հայտնաբերվել է 5 բնակչի մոտ, իսկ 2018-ին՝ 3 դեպք: Ալավերդու բժշկական կենտրոնում գրանցված է Դսեղի երկուամյա մի բնակիչ, փոքրիկի մոտ աչքի ուռուցք են հայտնաբերել:

Ալավերդիում քաղցկեղի տարածումը մասնագետն օդի աղտոտվածության հետ այնքան էլ չի կապում: Ավելի շատ այն պայմանավորվում է սթրեսների առկայությամբ: Ըստ Հարություն Միքայելյանի, իմունային համակարգը խախտվում, թուլանում է, քաղցկեղածին բջիջները սկսում են ակտիվանալ: Մարդու իմունային համակարգը թուլացնում են խրոնիկ հիվանդությունները, սթրեսները: Պղնձնաձուլարանի ծուխն, իհարկե, ըստ Միքայելյանի, վնասում է առողջությունը, ավելի շատ շնչառական հիվանդություններ առաջացնում:

Հին ու նոր ծխատարերը. ինչո՞ւ ոչ ֆիլտրեր

Ալավերդու պղնձաձուլարանը երկու ծխատար ունի՝ հին և նոր: Երկուսն էլ անզեն աչքով տեսանելի են։ Երկուսի ծուխն էլ մարել է՝ հին ծխատարինը՝ 2011թ.-ին: Մոտ 2 մլն ԱՄՆ դոլարով հինը փոխարինած նոր ծխատարը՝ շուրջ 300 մետր ավելի բարձր տեղադիրքով է, կառուցվել է երկու տարում:

Նոր ծխատարից արտանետվող ծուխը փոխեց ոչ միայն ուղղությունը, այլև ընդգրկումը՝ Ալավերդի քաղաքից հասնելով հարակից գյուղեր: Եվ այդպես, Ալավերդին ու հարակից գյուղերը վնասակար ծխի մեջ էին մինչև 2018թ.-ի հոկտեմբերի 19-ը. գործարանն այդ օրվանից չի աշխատում:

Ծխի ազդեցությունը նվազեցնելու համար որոշ մասնագետներ դիտարկում էին պղնձաձուլարանում ֆիլտրի տեղադրման տարբերակը: Դա թանկ հաճույք էր, միջազգային պրակտիկային համահունչ և ընդունված, որն, ըստ փորձագետների, ստեղծված բնապահպանական իրավիճակի լուծման մի տարբերակ էր։

«Ֆիլտրի տեղադրումը խնդրի լուծում չէ», 2018 թվականի ամռանն ասում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Վալլեքսին» պատկանող ACP ընկերության տնօրեն, «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի դուստր՝ Լուսինե Մեջլումյանը։ Նրա պարզաբանմամբ, խնդիրն այն է, որ գործարանը 1997թ.-ից աշխատել է խորհրդային տարիների սարքավորումներով:

«Վալլեքսում» պնդում են, որ այդպիսով խնդրի միակ արմատական լուծումը արտանետման աղբյուրը՝ ծխատարը տեղափո­խելն էր՝ որպես բնա­պահ­պա­նական խնդրի ժամանակավոր և իրա­տե­սական լուծում: Այդպես «հնարավոր էր համադրել Ալավերդիում և հարակից բնա­կա­վայ­րե­րում սոցիալական աղետ թույլ չտալու և բնա­պահ­պա­նա­կան իրա­դրության բարելավման հրամայականը», ինչը, ըստ ընկերության, պիտի հանգեցներ ծխնելույզից արտանետվող գազերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազմանն ավելի քան 10 անգամ:

Հին ծխատարից էլ, նոր ծխատարից էլ ալավերդցիները չեն ուզում խոսել։ «Արդեն գործարանը չի աշխատում, սոցիալական վիճակն էլ վատ է, բայց հո ահավոր վնասներ էր տալիս, ամեն հիվանդություն ունենք արդեն», արձանագրում են ալավերդցիները:

Նոր ծխատարից արտանետվող ծխի մասին սարսափով են հիշում ոչ միայն ալավերդցիները, այլև հարակից համայնքների բնակիչները: Համայնքների խոշորացումից հետո Ալավերդի քաղաքին միացած ու քաղաքից մոտ 10 կմ հեռու, Դեբեդ գետի աջ ափին գտնվող Հաղպատ գյուղում բնակիչները հիշում են ծխի գույնն էլ, հոտն էլ: «Ծխատարը բարձրացրին, իբր թե ծուխը ցրելու համար, սակայն գնալով ծխի քուլաները կլանեցին նաև մեր տարածքը՝ մառախուղի նման թանձր նստելով բնակավայրի վրա», շեշտում են հաղպատցիները։ Ալավերդի համայնքի մաս դարձած Սանահինում և Օձունում ևս նոր ծխատարի ազդեցությունն առավել զգալի է եղել:

Նոր ծխատարով էկոլոգիական աղետն այդպես էլ չկանխվեց։ Ըստ բնապահպանների՝ խնդիրները մնացին չլուծված: Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն կազմակերպության հասարակական նախագահ Օլեգ Դուլգարյանը վստահեցնում է, որ նոր ծխատարի կառուցումը սխալ որոշում էր։

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն կազմակերպության հասարակական նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ նոր ծխատարի մասին

2018 թվականի ամռանն Ալավերդին ու հարակից համայնքները համատարած ծխի մեջ էին, գրեթե ամեն օր, ծխի ծավալները բավականին ավելացել էին, ինչը մասնագետները կապում էին նաև վերամշակվող հանքանյութի հետ: Օլեգ Դուլգարյանն առաջինն էր, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում 2018 թվականի ամռանը ծխի ծավալների ավելացման մասին նկարներ տեղադրեց:

Լուսանկարը՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից, 2017թ., հունիսի 3

Ծխի տարածմանը նպաստող քամու հետևանքով, շատ հաճախ, ամբողջ ծուխը ողողում էր հարակից բնակավայրերը։ Ընդ որում, պղնձաձուլարանի գործունեության վերջին տարում ծխի ծավալները տարբերվում էին նախորդ տարիներից, այն ավելացել էր, անհնար էր դարձել շնչել:

«Երբ գազերը դուրս են գալիս ծխատարից, 20 րոպեում ցրվում են, տարածվում բարձր շերտերում: Ալավերդի քաղաքի ռելիեֆը այնպիսին է, որ շարունակ քամոտ եղանակ է», ասում է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը։ Մռայլ ու ամպամած եղանակին օդի մասնիկները խտանում են, ինվերսիայի հետևանքով էլ տեսանելի ու թանձր ծուխ է առաջանում, ինչը հաճախ կարելի է շփոթել մառախուղի հետ: Էվոյանի խոսքերով, պարզ, արևոտ եղանակին օդի շարժման խնդիր չկա, քանի որ քամի չկա, ծուխ էլ չկա:

Անուշ Էվոյանը ընդգծում է. «Ամենավատ վիճակը մետալուրգիական արտադրամասից գազի արտանետումից էր, և ոչ թե խողովակից»: Ըստ այդմ, ծխատարի բարձրացմամբ ոչ թե հարցին լուծում տրվեց, այլ ավելի ընդլայնվեց ծխի տարածման շառավիղը:

Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող, փորձագետ Անուշ Էվոյանը՝ կայացված սխալ որոշման մասին

Տվյալների մանիպուլյացիան, դիոքսինն ու կապարը

Ալավերդուն հարակից Օձուն, Կաճաճկուտ, Աքորի, Հագվի, նաև Ախթալա համայնքներում օդի աղտոտվածությունը որոշելու համար մոնիթորինգ է արվել: Փորձագետ Անուշ Էվոյանը վստահեցնում է, որ որոշ օրերի ցուցանիշները շատ բարձր են եղել: «Տվյալները, սակայն, միջինացվում են, և արդյունքում ոչ բարձր թվեր են ստացվում: Բայց մենք՝ տեղի բնակիչներս, միևնույն է, զգում ենք վնասակար ծխի ազդեցությունը»,- փաստում է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող փորձագետը:

Այսինքն ստացվում է, որ մեկ օրում մահացու ծխահարման և 29 օր ոչ մի ծուխ չլինելու դեպքում միջինացված տվյալներով մարդուն իբր որևէ վտանգ չի սպառնում, մինչդեռ մեկ օրվա բարձր ցուցանիշները կարող են արդեն իսկ հանգեցնել քաղցկեղի ու նման այլ ծանր հիվանդությունների:

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2018թ. սեպտեմբերի տվյալների համաձայն՝ ծծմբի երկօքսիդը ամենաբարձրը եղել է սեպտեմբերին (0,4մգ/մ 3 ), իսկ արդեն հոկտեմբերից դեկտեմբեր եղել է զրոյական, երբ գործարանը չի աշխատել: Փոշու պարունակությունը նույնպես ամենաբարձրը եղել է սեպտեմբերին (0.50 մգ/մ 3): 2017թ.-ին ամենաբարձրը հուլիսին էր՝ (0.4 մգ/մ 3): Ըստ նույն տվյալների, 2018թ. սեպտեմբերին փոշու պարունակությունն ամենաբարձրն էր՝ համեմատած նաև 2017թ.-ի հետ : Ազոտի երկօքսիդի պարունակությունը բարձր է եղել 2017թ.-ին՝ ընդ որում հունվարին՝ (0.03 մգ/մ 3)։

2018թ.-ին չեխական ԱՐՆԻԿԱ ընկերությունը Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում ուսումնասիրել էր հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի ծանր մետաղներով աղտոտվածությունն ու մարդկանց առողջության վրա ազդեցությունը: Արդյունքների համաձայն՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին բարձր էր՝ ազդելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հավկիթներում հայտնաբերվել էր նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին:

Երբ ծխատարն իր գործն էր անում. լուսանկարը՝ Արնիկա չեխական կազմակերպության կայքից

Մեկ այլ ուսումնասիրություն էլ, ավելի վաղ՝ 2013թ.-ին, իրականացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Բլեքսմիթ ինստիտուտի (Blacksmith Institute) հետ համատեղ, թե որքան է կապարի մակարդակը երեխաների արյան մեջ Ախթալա և Ալավերդի քաղաքներում՝ Երևանի համեմատությամբ: Ախթալա և Ալավերդի համայնքներում երեխաների արյան մեջ կապարի քանակությունը անհամեմատ բարձր էր:

Նույն ուսումնասիրության համաձայն, Ալավերդի քաղաքում հողի նմուշներում ծանր մետաղների առկա քանակները գերազանցել են մաքրում պահանջող խտությունը։ Հատկապես ահազանգող է պղնձաձուլական գործունեության հետևանքով առաջացած խարամի (սև ավազի տեսք ունեցող այսպես կոչված «շլակի») առկայությունը քաղաքի տարբեր բանուկ հատվածներում:

Ալավերդցիները պատմում են, որ քաղաքապետարանի աշխատակիցները խարամը ձմռան ամիսներին շաղ են տվել ճանապարներին սառույցը հալեցնելու նպատակով: Հետազոտության համար վերցված նմուշներում կապարի քանակը գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունը՝ ԱԹԽ-ն 2.4-2.5 անգամ, արսենի քանակը գերազանցել է ԱԹԽ-ն 28.6-50.4 անգամ և քրոմի քանակը գերազանցել է ԱԹԽ-ն 15.5- 94.7 անգամ:

Առանց առողջության, առանց գործարանի

Գործարանի աշխատանքը 2018թ. հոկտեմբերից ժամանակավորապես դադարեցվեց: «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանն այդ քայլը պատճառաբանեց միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ նվազմամբ:

«Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի պարզաբանումը՝ գործարանի խնդիրների մասին

Ալավերդու պղնձաձուլարանը գրավադրված է VTB բանկում: «Վալլեքս» ընկերությունների խումբն այս բանկին մոտ 380 միլիոն դոլարի ժամկետանց վարկեր ունի: Թե ինչ պլաններ ունի բանկը գործարանի հետ կապված՝ լռում է։ «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի տեղեկացմամբ, կառավարության հետ քննարկում են՝ մեկ կամ երկու տարի գործարանին աշխատելու հնարավորություն տալու հարցը:

«Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի պարզաբանումը՝ Լոռու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությանը

Մինչև պղնձաձուլարանի անորոշ դադարը՝ 2018թ. օգոստոսին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ACP ընկերությունում ստուգումներ էր իրականացրել ու բնապահպանական նորմերի խախտումներ հայտնաբերել: Պարզվել էր, որ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին վնաս էր պատճառվել շուրջ 380 միլիոն դրամի չափով: Օրինակ, ընկերությունը տարեկան 6000 տոննա ծծմբային անհիդրիդ արտանետելու փոխարեն թույլատրելի շեմը գերազանցել էր 5,5 անգամ՝ 33.000 տոննա արտանետելով:

Գործարանի նախկին աշխատակից, արհմիության անդամ Կարեն Սոխակյանը հիշում է. «Ստուգման արդյունքներով՝ տեսչական մարմինը պետք է ընկերությանը խախտումները վերացնելու հանձնարարական տար»: Նրա խոսքով, դրա փոխարեն ընկերության ներկայացուցչի հետ հարցը քննարկելիս եզրակացրել են, որ նման հանձնարարականն ինքնախաբեություն է, որով զբաղվել են նախորդ իշխանությունները՝ տրված թույլտվությանը զուգահեռ 2013-2017 թվականների համար նմանօրինակ պայմաններ ներկայացնելով:

Կարեն Սոխակյան, գործարանի նախկին աշխատակից, արհմիության անդամ

Սոխակյանը կատակում է, թե պղնձաձուլարանն աշխատում էր «Նիկոլի (Նիկոլայ ցարի) թվի» տեխնոլոգիաներով: Խորհրդային տարիներից հետո սարքավորումները չեն արդիականացվել: Ալավերդու գործարանի վիճակն այս պահին էլ անորոշ է: Բանակցությունները շարունակվում են, աշխատակիցների պայմանագրերը չեն երկարաձգվել, բայց խոստացել են ոմանց աշխատանքի ընդունել վերագործարկվող Թեղուտի գործարանում, ըստ խոստումների, 2019թ. օգոստոսից:

Վճարած հարկերը՝ վնասին ոչ համարժեք

2018թ.ին ACP-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 26-րդ տեղը: «Նոր ծխատար տեղադրվեց, ACP ընկերությունը սկսեց ավելի քիչ հարկեր վճարել: Պատճառաբանությունը՝ ծախս են արել, ծխատար են փոխել, բնապահպանական ռիսկերը նվազեցրել են, ուստի քիչ հարկ են վճարում», ասում է Օլեգ Դուլգարյանը:

Բացի այն, որ նվազեցին հարկերը, առկա միջոցների բաշխումը անհամաչափ է համայնքներին հասցվող վնասին: «Պետական բյուջե են մտնում բնապահպանական ահռելի վճարներ, ինչից 22 համայնքի համար մասհանվում է շատ չնչին գումար», ասում է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը: Նրա խոսքով, պետության համայնքներին հատկացրած բնապահպանական սուբվենցիաները խնդիրների լուծման համար բավարար չեն։

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ներկայացնում է, որ 2018թ.-ին համայնքը ստացել է 182 մլն դրամ բնապահպանական վճար: 2019թ.-ին մոտ 80 մլն դրամով գումարը նվազել է՝ կազմելով մոտ 100 մլն:

Սասուն Խեչումյան, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար

Սասուն Խեչումյանի խոսքով, բնականաբար, գործարանի չաշխատելուց, բնապահպանական վճարներն էլ չկան։ Գործարանի չաշխատելը իր բացասական ազդեցությունն ունի: Սոցիալական վիճակը Թեղուտի փակվելով էլ վատթարացավ: Երկու արտադրական գիգանտների չաշխատելով սոցիալական վիճակը վատացել է: «Ունենք մոտ 400 փաստացի գործազուրկ, որոնք աշխատում էին Թեղուտում, և մոտ 600 պոտենցիալ գործազուրկ, եթե փակվի Ալավերդու պղնձաձուլարանը»:

Մետալուրգիական արտադրությունը չէր կարող բնապահպանական ռիսկեր չունենալ: «Մենք չունենք օդի մոնիտորինգի լաբորատորիա, որպեսզի ստուգենք օդի աղտոտվածությունը», շեշտում է Ալավերդու ղեկավար Սասուն Խեչումյանը: Սա, իհարկե, անհանգստացնող է: «Մաքուր տեխնոլոգիաներով արտադրությանը որևէ մեկը դեմ չէ: Այս պահին ոչ բնապահպանական ռիսկ ունենք, ոչ էլ՝ աշխատատեղ»:

Առկախված պատասխանատվություն

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար ոչ վերջին տեղում գտնվող ճյուղ է, որտեղ տեղի ունեցողի համար պատասխանատվություն կրելուց խուսափում են բոլորը՝ ոչ վերահսկողություն, ոչ սոցիալական պատասխանատվություն, ոչ հարգանք շրջակա միջավայրի նկատմամբ:

Մինչ օրս պատկան մարմինների կողմից որևէ ամբողջական հետազոտություն չի անցկացվել, որով պատասխան կտրվեր բնապահպանական և մարդկանց առողջության վերաբերյալ մեր բարձրաձայնած խնդիրներին։ Նյութում բերված հետազոտությունները հատվածական են: Ալավերդի համայնքում օդի աղտոտվածության վերաբերյալ պատկան մարմիններից որևէ պաշտոնական տվյալ ստանալու մեր բոլոր փորձերը ձախողվեցին. հարցումներին ստացանք խուսափողական, ոչինչ չասող պատասխաններ:

Ամբողջական տվյալներ չտրամադրեցին՝ շտապելով պատասխանատվությունն ու քայլ անելու պարտավորությունը գցել այլ հիմնարկների վրա: Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի ու տեղեկատվության կենտրոն»-ից, չնայած իրականացրած մոնիթորինգին, հորդորեցին դիմել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Գյուղատնտեսության նախարարությունից էլ փորձեցինք պարզել՝ կա արդյոք հողերի աղտոտվածության մասին որևէ հետազոտություն։ Պարզվեց՝ ոչ։ Մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ շրջակա միջավայրի նախարարության իրավասության տակ է։

Այդուհանդերձ, հստակ է, որ նոր ծխատարով պղնձաձուլարանի սեփականատերը հարկերը նվազեցնելու առաջնային պահանջ ձևավորեց, բայց բնապահպանները պնդում են, որ աղետը չի կանխվել:

Գործարանն այլևս չի գործում, ու դեռ հստակ չէ՝ կաշխատի, թե ոչ: Դիօքսինով, կապարով, քրոմով, արսենով ու այլ ծանր մետաղներով օդի, հողի, մարդկանց օրգանիզմի թունավորվածությունը տարիներ շարունակ չի մարքվելու: Ալավերդիում չարորակ նորագոյացությունների բարձր ցուցանիշը, գործազուրկ մարդկանց սոցիալական լրջագույն խնդիրների հետ մեկտեղ, բաց է թողնում կարևոր ու անպատասխան մի հարց. ե՞րբ բնությունն ու մարդիկ կստանան այն, ինչին իսկապես արժանի են...

Հեղինակներ՝ Աղավնի Հարությունյան

Հասմիկ Դիլանյան

Մարիա Պապյան

Նարե Գնունի

Նելլի Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է ԳլոբՆյուզ մեդիայի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: