Ջիվանին հաղթեց. Կյանքի մարդ, ում ձախորդ օրերը ծնկի չբերեցին
|
![]() |
Ձախորդ օրերի երգչի՝ Ջիվանու շունչը զգալու, մի քանի ժամով ջիվանիական ոգով լցվելու համար աշխարհի տարբեր ծագերից հարյուրավոր հայեր հուլիսի 20-ին այցելել էին աշուղի հայրենիք՝ Կարզախ: Երգ, պար, բարձր տրամադրություն և կարոտի ծարավ առ այն հայրենիք, որի ջուրը գովերգում էր հենց ինքը՝ աշուղ Ջիվանին:
Դարի մարտահրավերներին պատասխանող ու հային պահպանող Ջիվանին
«Տոնը մեզ՝ հայերիս համար շատ կարևոր է, որովհետև Ջիվանին իր էությամբ, իր բնույթով ժամանակին խոսել է և իր խոսքը երգ է դարձրել՝ մեծ դեր ունենալով հայի կյանքում»,- նշում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, ապա հույս հայտնում՝ հայ արգանդը բեղուն կլինի, նոր ջիվանիներ կծնի:
Ջիվանուն պահպանելը, ջիվանիական շնչով լցվելը, վարդապետի խոսքով, հայապահպանման կարևոր միջոցներից է: «Ջիվանու խոսքը, նրա երգն ու ասելիքը արդեն հայու ոգու, կերպարի և կենսակերպի ինքնությունն է, որ գալիս է խոսելու՝ հատկապես այսօրվա մարտահրավերների ժամանակաշրջանում: Կարծում եմ՝ մենք ինչքան հետևենք մեր ճիշտ ճանապարհով գնացող մշակութային արժեքներին, այնքան ամուր կպահպանենք հայու տեսակը»:
Երկու ազգերին բարեկամ դարձրած Ջիվանին
Ջիվանիական օրերին հստակ միջոցառումների ցանկ չկա: Ներկայացվում է արվեստ, որն իր բարձրությամբ ու խորությամբ ցանկացած տարի նոր խոսք է ասում Ջիվանու մասին: Ջավախքի աջակցության հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով, Ջիվանու օրերը հայ-վրացական բարեկամության դրսևորում են: «Ծնված լինելով Կարզախում և որպես աշուղ կայանալով Գյումրիում՝ Ջիվանին հայ-վրացական բարեկամության ցայտուն ներկայացուցիչ է: Այսօր Կարզախում Ջիվանու տուն-թանգարանը մեծ հեղինակություն է վայելում, տարբեր շրջաններից գալիս են՝ ծանոթանալու, տեսնելու Ջիվանու հայրենի տունը»:
Սոս Սահակյանը լիահույս է՝ Ջիվանու հայրենի գյուղը էկոտուրիզմի հայրենիք է դառնալու, քանի որ այնտեղ պահպանված են տներ Բարձր Հայքը հիշեցնող: «Այդ իմաստով մարդկանց հոսքը ավելի կմեծանա: Այս տոնակատարությանը մեծ թվով ռուսաստանաբնակ հայաստանցիներ են եկել: Տոնը համահայկական բնույթ է ստանում»:
Լավատես և միաժամանակ հոռետես Ջիվանին
Հայրենիքի մասին երգելիս Ջիվանին երբեմն դառնացած է, որովհետև, ցավոք, օձերն ու գորտերն են խմում մեր հայրենիքի ջուրը: Այսպես է Ջիվանու արվեստը նկարագրում ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, ջավախահայ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, բայց և այնպես, Ջիվանին նաև մեծ լավատես է: «Ջիվանին այնքան պայծառ հայացք ունի դեպի ապագան, և հենց այդպիսի լավատեսությամբ է նա նշում, որ ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»:
Իսկական մարտիկ, պայքարող և հաղթող Ջիվանին
Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը (Ջիվանու աղջկա՝ Հռիփսիմեի թոռը, խմբ.) համաձայն չէ մտքի հետ, որ աշուղը դառը ճակատագիր է ունեցել: «Հա, իրոք, փոքր տարիքում նա կորցրեց ծնողներին, դաժան է փոքր բալիկի համար: Բայց նա մարտիկ էր, նա պայքարեց ինքն իր համար, նա հաղթեց: Ավելի հաճախ Ջիվանու տխուր երգերն են պտտվում, բայց ես կուզեի, որ նրա ուրախ երգերն էլ հնչեին, ավելի շատ հայրենասիրական երգեր հնչեն»:
Որպես մարտիկ Ջիվանին նշում էր՝ Սուրբ ավետարանը ծալեցեք հայեր, ինքնապաշտպանական գրքեր կարդացեք: «Էդ էն թվերի համար գրված էն երգերից մեկն ա, որը հզորություն ա: Կանցնի երևի 100-200 տարի, Ջիվանու բառերը չեն ծերանա: Առանց տպագրվելու բերնեբերան եկել են իր երգերը»:
Երբ ծանոթանում ես Ջիվանու՝ իր երեխաներին ուղղված նամակներին, ծանոթանում ես կյանքին: «Էնտեղ ա երևում, թե Ջիվանին ինչ գնով ա իրա փոքրիկների համար հաց ուղարկում փոստատարի միջոցով: Հաց էր ուղարկում, որ երեխեքը ուտեն, գնան դպրոց: Ու էդ ժամանակ Էջմիածնում նա բացում է մանկատուն: Նա կարողանում է հաղթել, չնայած այն ժամանակ քչերն էին հաջողում այդ հարցում»:
Նշենք, որ միջոցառումն անց է կացվել ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համատեղ ջանքերով:
Նարե ԳՆՈՒՆԻ