«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար
|
![]() |
Արդեն հինգերորդ օրն է, ինչ փրկարարներին չի հաջողվում մարել «Ձյունիկ սառնարան» ընկերությունում բռնկված հրդեհը։
«Դոլմար» ՍՊԸ-ի սեփականատեր Սարգիս Սուքիասյանը GlobNews.am-ի հետ զրույցում նշեց, որ կոմբինատում 100 տոննայից ավելի ապրանք ուներ։ «100 տոննայից ավելի ապրանք է։ Առաջին հարկում ամբողջ պահեստի ապրանքն արդեն այրվել է, երկրորդ հարկինը հայտնի չէ, երրորդինն էլ արդեն ոչ պիտանի է։ Դուրս հանելու տարբերակներ չկան, ոչինչ չի մնացել։ Ամբողջ ապրանքն այրված գետնին է»,- ասաց գործարարը։
Սարգիս Սուքիասյանը նշեց, որ մոտավորապես 400․000 դոլարի կորուստ կունենա։
Անդրադառնալով փոխհատուցման հարցին՝ գործարարը նկատեց, որ այդ մասին ոչ ոք չի խոսել, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել։ «Բոլորս վարկեր ունենք, կգա վարկի մարման օրը, բայց ապրանք չենք վաճառել, որ բանկերի գումարները տանք։ Մնում է միայն կառավարության շենքի առջև վրես բենզին լցնեմ, վառվեմ։ Վարչապետ Փաշինյանը զբաղված է Ամուլսարի հարցով, կառավարությունից ոչ ոք չի եկել, միայն մի պահ երեկ Կենտրոնի թաղապետն է եկել ու գնացել»,- ասաց Սուքիասյանը։
Գործարարի խոսքով, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի, միանշանակ բողոքի ակցիաներ են կազմակերպելու հարցին լուծում տալու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։