Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թավշյա հեղափոխության արժեքները արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում. Փաշինյան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:

Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:

Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:

Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: