Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան
|
![]() |
Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում: Այս մասին սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող ասել՝ դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի հետաքրքրում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից մենք չենք կարող նաև հաշվի չառնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս «Մուդիս» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է, որ Հայաստանը և մասնավոր կազմակերպություններն, այդ թվում՝ բանկերը, կարող են ավելի էժան ֆինանսական միջոցներ ներգրավվել։
«Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են, որ եթե այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք կարող ենք զգալ, այդ թվում նաև մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքի տրամաբանությամբ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այստեղ ծագում է հաջորդ հարցը, թե ինչու են թույլ տալիս Թեղուտի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքերը շահագործվեն, արդյոք դրանք համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին և բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում, արդյոք դրանք գործում են ըստ այն ստանդարտների, որոնք գոյություն ունեն Հայաստանում։
Ըստ նրա՝ Հայաստանը կարող է ունենալ միջազգայնորեն լուրջ խնդիր, եթե պարզվի, որ ցուցաբերում են խտրական մոտեցում։
«Մենք չենք կարող արհամարհել նաև մեր երկրի տնտեսության անվտանգության, մեր երկրի արտաքին ավտանգության, ուղղակի անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն Ամուլսարի հարցը քննարկելիս։ Ես հիմա չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել, թեև, եթե յուրաքանչյուրն իմ առաջարկով վերլուծություններն անի այդ թեմայի շուրջ, պարզ կլինի, թե ինչու եմ անվտանգության հարցն այս համատեքստում հիշատակում» ,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում