Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Լրատվամիջոցներում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիրները՝ ԱՏՊԳ-ի ուշադրության կենտրոնում

 

Վերջին ամիսներին քաղաքացիներն ավելի շատ են սկսել դիմել ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ առարկելով լրատվամիջոցներով իրենց անձնական տվյալների, իրենց անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումների դեմ (հաշվի առնելով իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու Գործակալության պարտականությունը՝ դեպքերն անվանական նշելուց ձեռնպահ կմնանք): Գործակալությունում քննարկվող վերոնշյալ դեպքերում լրատվամիջոցները, հաշվի առնելով քաղաքացիների դիրքորոշումները, հեռացրել կամ ապանձնավորել են իրենց հրապարակումներում քաղաքացիների անձնական տվյալները, ուստի անհրաժեշտություն չի առաջացել վարույթների շրջանակում քննարկման առարկա դարձնել տվյալների հրապարակման իրավաչափությունը, հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Այնուամենայնիվ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վերոնշյալ դեպքերի հանգամանքներն ընդունելով որպես առիթ՝ հարկ է համարում անդրադառնալ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակման առանձնահատկություներին:

Այսպես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը կհամարվի օրինական, եթե մշակումն իրականացվի կամ անձնական տվյալի սուբյեկտի համաձայնությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում մշակումն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, կամ տվյալները ձեռք բերվեն անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

Այս առումով պետք է նշել, որ կախված լրագրողական նյութի ժանրից, նպատակից եւ ֆորմատից՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակման հիմք կարող են հանդիսանալ Օրենքով նախատեսված բոլոր հիմքերը՝ եւ անձի համաձայնությունը (օրինակ, հարցազրույցի դեպքում), եւ հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված լինելը (օրինակ, վերլուծության դեպքում), եւ օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելը: Միաժամանակ, եթե անձնական տվյալի մշակումը (հրապարակումը) սահմանված է օրենքով, ապա համաձայնությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով այլեւս անհրաժեշտ չէ:

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաեւ այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաեւ դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) եւ ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները, որոնցով էլ հավասարակշռվում է լրագրողի՝ խոսքի ազատության եւ տեղեկություն ստանալու եւ տարածելու ազատությունները մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալներին պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արգելվում է (...) այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: (...) 3. (...) մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:»: ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-997 որոշման մեջ նշել է, որ «Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով: Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության» շրջանակներում»:

Վերոնշյալի համատեքստում Գործակալությունը գտնում է, որ անձնական տվյալների մշակման եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման նպատակ եւ գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ստորադասել մարդու անձնական տվյալների պաշտպանության շահը եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի եւ օրինական, այսինքն հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, իսկ հրապարակվող անձնական տվյալները պետք է լինեն սահմանված նպատակին համաչափ՝ այսինքն լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, եւ պետք է բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: