Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների

 

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է արցունքածորանի վիրահատություն նվազագույն միջամտությամբ՝ էնդոսկոպիկ ներքթային լազերային ճանապարհով: Վիրահատությունն իրականացրել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթկոկորդականջաբան Գոռ Անանյանը, ով մասնագիտացել և աշխատել է Մյունխենի Helios Amper-Klinikum Dachau բժշկական կենտրոնում, ապա վերադառնալով հայրենիք՝ որոշել նոր միջամտությունը ներդնել նաև հայկական բժշկական համակարգում: Globnews.am-ը զրուցեց Գոռ Անանյանի հետ՝ հասկանալու, թե ինչ առավելություններ ունի արցունքածորանի էնդոսկոպիկ ներքթային լազերային ճանապարհով վիրահատությունը, արդյոք այն մատչելի է շարքային քաղաքացու համար:

«Այս միջամտության շնորհիվ հիվանդի մաշկի վրա ոչ մի կտրվածք չի իրականացվում, բուն վիրահատությունը տևում է մոտ 20-30 րոպե և կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում (հիմնականում` երեխաների մոտ)»,- նշում է բժիշկը:

Գոռ Անանյանի խոսքով, վիրահատության այս տարբերակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ միջամտությունից հետո հիվանդի դեմքին սպիներ չեն մնում, բարդությունների և արյունահոսության վտանգը նվազագույն է, հետվիրահատական շրջանն ավելի թեթև և անցավ է անցնում՝ համեմատած բաց վիրահատության հետ:

«Հարկ եմ համարում նշել, որ նման բուժման իրականացման համար տարիքային սահմանափակումներ չկան: Վիրահատության ընթացքում ԼՕՌ մասնագետը ունակ է միաժամանակ վերացնել ոչ միայն արցունքածորանի նեղացումը, քթի միջնապատի ծռվածությունը, ստորին խեցու մեծացումը և տարատեսակ նորագոյացումների առկայությունը, այլ նաև վերացնել քթային շնչառությանը խոչնդոտող առկա ախտահարումները»:

Վիրահատությունից առաջ, բժշկի խոսքով, նախ անհրաժեշտ է անցնել խորհրդատվություններ ակնաբույժի և քիթկոկորդականջաբանի մոտ, այնուհետև մի շարք գործիքային և լաբորատոր հետազոտություններ կատարել (նաև քթի և հարքթային խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա, որոնց նպատակն է ամբողջական գնահատել քթի, հարքթային խոռոչների, ակնակապչի անատոմիական կառուցվածքը):