Ծանրորդ Վարազդատ Հակոբյանը հանրապետական նոր ռեկորդ է սահմանել
|
![]() |
Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանել է հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ և հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, ով նաև նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձևի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:
Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգել է 250 կիլոգրամանոց ծանրաձողը:
Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցել է իր իսկ սահմանած 230 և 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը: