Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը. Զոհրաբ Մնացականյան

 

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը, ապա պատասխանել հարցերին:

Ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները՝ ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության:

Հարց. Դուք անձամբ վարել եք Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցությունները, որից Հայաստանն այնուհետև հրաժարվեց և ստորագրեց ՀԸԳՀ-ը։ Սակայն Ձեր կարծիքով, առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսին կցանկանաք տեսնել Ձեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ։ Նախքան հարցին անդրադառնալը, կցանկանայի նշել, որ Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։ Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Ես լիովին համաձայն եմ արտահայտված տեսակետների հետ, դա հենց այն է, ինչ ես ի նկատի ունեմ, երբ խոսում եմ արդյունավետ բազմակողմանիության ռազմավարական կարևորության մասին, հատկապես մենք՝ փոքր պետություններս, կախված ենք դրանից: Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:

Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։ Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են:

Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է: Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևորությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով:

Հարց․ Նախարար Մնացականյան, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով։

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։ Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։ Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։ Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձևաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարևորը։