Հարկադիր կատարողները քանի օր է, փորձում են 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տանից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել. տեսանյութ
|
![]() |
Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրագդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, հայտնում է shamshyan.com-ը:
Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ և այդ հարցով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Նրանք պնդում են, որ վճռաբեկ դատարանը ժամանակավորապես կասեցրել է իրենց՝ տանից վտարելու գործընթացը, մինչդեռ հարկադիր կատարողները անընդհատ անհանգստացնում են իրենց:
2 օր առաջ էլ հարկադիր կատարողների հերթական այցի ժամանակ կինը փորձել է ինքնավնասում անել, սակայն այցելուները, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հեռացել են:
Փետրվարի 19-ին SHAMSHYAN.com էր դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը: Նրանք ասում էին. «Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից: Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին:
Օրեր առաջ էլ Հարկադիր կատարման ծառայությունից եկել են մեր տուն ու մեզ ժամանակ են տվել, որ փետրվարի 25-ին պետք է տունը ազատենք և 83-ամյա տան իրական սեփականատիրոջն էլ դատարանը հատկացրել է որպես կացարան՝ տան հարևանությամբ գտնվող գոմը», արցունքներն հազիվ էր զսպում 83-ամյա Լիդա տատիկը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: