Ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք. ե՞րբ և ինչպե՞ս
|
![]() |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջույնի խոսք է ասել ու պատասխանել լրագրողների հարցերին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք ռուս մասնագետների հնարավոր մուտքի հարցին:
Հարց. Որքա՞ն հավանական է ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք թույլատրման մասին հուշագրի ընդունումը, և որո՞նք են կենսաբանական անվտանգության շրջանակներում համագործակցության հետագա ծրագրերը;
Զոհրաբ Մնացականյան. Կենսաբանական անվտանգության հարցը շատ կարևոր է Հայաստանի համար: Տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է վերականգնել, ամրապնդել մեր հնարավորությունները, կենսաբանական անվտանգության մեխանիզմի ստեղծման հնարավորությունները։
Ձեր հարցի ձևակերպման համատեքստում ցանկանում եմ վերահաստատել... հարցը վերաբերում է անվտանգության ոլորտի առավել լայն համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը, և մենք պետք է ավարտենք համաձայնությունների վերջնականացման գործընթացը:
Քանի դեռ այս ամենն ընթացքի մեջ է, իհարկե, դժվար է ավելին ասել դրա մասին, սակայն ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը նույնպես իր հերթին մեզ հնարավորություն կտա Ռուսաստանի հետ համագործակցությամբ ամրապնդելու կենսաբանական անվտանգության ոլորտում մեր հնարավորությունները և ներուժը, այնպես, ինչպես մենք դա արել ենք այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ: Առաջին հերթին, հարցը վերաբերում է մեր կենսաբանական անվտանգությանը: