Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան

 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կրթության և գիտության նախարարի քայլերին:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արայիկ Հարությունյանին իմ կողմից էլ քննադատություն հասավ, բայց այլ տեսանկյունից։

— Ինձ թվում է հաղորդակցության խնդիր կա, որ Արայիկ Հարությունյանն ամենասկզբից, նշանակվելով կրթության նախարար, իր հարաբերությունները հանրության հետ ճիշտ չի կառուցում։ Նախ մի աղմկահարույց նորություն է հայտնվում, հետո նոր սկսվում է դրան բացատրություններ տալը, և նույնիսկ եթե իրականում պարզ է դառնում ինչի մասին է խոսքը, բայց իներցիայով քննադատությունը շարունակվում է, օրինակ՝ Արարատյան բակալավրիատի, Եկեղեցու պատմության հետ կապված խնդիրները, հիմա էլ սա։

Կրթության նախարարությունը հասկանալի քաղաքականություն չունի ու դրա համար անընդհատ այս տիպի աղմկահարույց իրադարձություններ են կատարվում։ Նաև՝ սպասելիքներն են շատ ավելի մեծ կրթության նախարարությունից, իրականում բոլորը սպասում են խորքային փոփոխություններ, բարեփոխումներ, բայց մենք տեսնում ենք ինչ-որ քայլեր, որ համակարգված չեն թվում։ Օրինակ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի գիծ է տանում, ընկալում կա, թե ինչ են անում և իրենց հաղորդակցվելը շատ ավելի հստակ է, հանրության արձագանքն այդքան ծայրահեղ չի, գրգռող չի։

Կարծում եմ՝ ԿԳՄՍ-ն երկու խնդիր պետք է լուծի՝ հաղորդակցման խնդիրը, որ եթե ինչ-որ փոփոխություն են անում, դա միանգամից ու հստակ իրենց կողմից ներկայացվի բոլոր հիմնավորումներով, որ մարդ հասկանա ինչ են անում։ Երկրորդ խնդիրն ավելի խորքային է՝ կրթության ոլորտի բարեփոխումների հայեցակարգ չունենք, համակարգի բզկտում է տեղի ունենում, հատվածային փոփոխություններ են իրականացվում ու պատկերացում չկա, թե հաջորդն ինչ է, կամ ուր ենք գնում։ Եթե այս փոփոխությունը շատ լավն է ու խնդիր դրվեր, որ մենք ընդհանրապես բուհերի ինքնավարությունը մեծացնելու քայլ ենք անում ու, դրանից ելնելով, ինքնավարությունը մեծացնելու շրջանակներում հնարավորություն ենք տալիս ոչ միայն հայոց լեզու, այլև այլ առարկաների դեպքում իրենք որոշումներ ընդունեն, շատ ավելի հավասարակշիռ ու ընդունելի կլիներ։

— Դուք նման երևույթ դիտարկել եք, որ իշխանության ընդդիմադիրներները թիրախավորում են կառավարության այս կամ այն ներկայացուցչի և ուղղորդված աշխատում նրա դեմ, և այս դեպքում էլ թիրախավորել են Արայիկ Հարությունյանին։

— Էական տարբերություն չկա, թե ում դեմ են անում, ու այնպես չի, որ այս աղմուկը բարձրացնող այդ ուժերի մոտ կա հայեցակարգային մոտեցում, օրինակ՝ ինչպիսին պետք է լինեն կրթությունն ու այն քայլերը, որ Արայիկ Հարությունյանն անում է, ինչպես է հակասում իրենց կոնցեպտին։ Այս ամբողջ աղմուկն անպտուղ աղմուկ է, ուղղակի ջղաձիգ շարժումներ են երկու կողմից էլ, ոչ ավելի՝ թե՛ նախարարի, թե՛ ընդդիմախոսների։ Ու այս իմաստով Արայիկ Հարությունյանը շատ հաջող թիրախ է, ու դա օգտագործում են։ Այնքանով է նա հաջող թիրախ, որ իր հանրային շփումները, մեսիջները չմտածված են։

— ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր պահանջում էին նրա հրաժարականը և խնդիրը քաղաքական դաշտ է տարվում։

— Նորմալ է, հարցը քաղաքականության մասին է ու փորձում են քաղաքական դաշտ տանել, բայց անբովանդակ է։ Այսինքն՝ կարծես այդ ուժերն առիթ են փնտրում իրենց մասին հիշեցնելու, որ ՀՅԴ-ն դեռ կա, կամ ՀՀԿ-ն դեռ կա։ Ոչ ավելին։ Որովհետև ընդդիմադիր նշանակում է, որ ունես քո մոտեցումները, քո քաղաքականությունը, քո պատկերացումները ինչպես պետք է լինի կրթական համակարգը, իսկ գործող իշխանությունները կամ կառավարությունն ուրիշ ուղղությամբ է տանում։ Բայց իրավացի են շատերը նշում, որ մենք երկար ժամանակ ունեցել ենք բազմաթիվ դաշնակցական նախարարներ և որևէ տեսլական չենք տեսել այդ ընթացքում, որից ներկայիս նախարարը շեղվում է։ Եվ դա երկուսի խնդիր է, քանի որ քննադատության մյուս մասն այն է, որ մենք կրթությունից սպասում ենք բովանդակային փոփոխություններ, որ դեռևս չի երևում։

— Ա․Հարությունյանը սպառնացել է, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք երեկ բերել էին, լցնել տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց։

— Կրկին դատարկ բառեր են, ես վստահ եմ, որ այդպես չի լինելու, ինչ-որ ժամանակ հետո դա էլ է հօդս ցնդելու։ Եթե կա հիմք, պետք է ուղղակի անել, այսինքն՝ գործել։ Դրա համար էլ իր դեմ ակցիաներ են լինում, որ մեծ-մեծ խոսում է, հետո պարզվում է, որ տակը ոչինչ չկա։ Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ և այլն։ Երկկողմ շատ տխուր է»։