Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։

Աբբաս Ջուման, ռուսաստանյան լուրերի դաշնային գործակալության հատուկ թղթակից - Իմ հարցը վերաբերում է Սիրիայի հայերին։ Ինքս կիսով չափ Սիրիայից եմ, խոսում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նա նույնպես, եթե չեմ սխալվում, ծնվել է Հալեպում, Սիրիայում: Այսինքն՝ Սիրիան և Հայաստանը շատ մտերիմ երկրներ են, և պատերազմից հետո բազմաթիվ, հազարավոր սիրիացիներ վերադարձան իրենց պատմական հայրենիք։ Ես ուղղակի դեռ նրանցից ոչ ոքի հետ չեմ հանդիպել, բավական հագեցած ծրագիր է եղել, հուսով եմ՝ այսօր-վաղն այդ սխալը կուղղեմ։ Կցանկանայի Ձեզնից իմանալ՝ ինչպիսի՞ վիճակում են նրանք հիմա, տեղավորվե՞լ են արդյոք, պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն՝ նկատի ունեմ Սիրիա, թե՞ այստեղ մշտական ապաստան են գտել։

Եվ հարցի երկրորդ մասը՝ ընդհանրապես Ձեր վերաբերմունքն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում՝ Թուրքիայի վերջին միջամտությունը, ինչը, կարծում եմ, պետք է բավական լրջորեն անհանգստացնի հայ հասարակությանը, քանի որ դա նախադեպ է, և որևէ երաշխիք չկա, որ այսօր նրանք ներխուժեցին Թուրքիա, վաղը նույն Ադրբեջանի ձեռքերով հերթական ջարդը չեն կազմակերպի, օրինակ, Արցախում, ինչպես 2016 թվականին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն հայերը, որոնք գտնվում են Հայաստանում, նրանք գտնվում են տանը։ Դուք ասացիք՝ նրանք պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր գտնվում են Սիրիայում, նույնպես իրենց տանն են, և ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը տունն է աշխարհի բոլոր հայերի համար։ Շատ սիրիահայեր լավ տեղավորվել են, հարմարվել են Հայաստանում, բայց, ցավոք, ոչ բոլորը. շատերը նաև արտագաղթել են Կանադա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հնարավոր է՝ նաև Ռուսաստան, որոշ մասը վերադարձել է Սիրիա։ Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա Սիրիան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, և մենք, իհարկե, շատ մտահոգված ենք այն իրադարձություններով, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում այդ երկրում։ Գիտեք, մենք մարդասիրական առաքելություն ենք ուղարկել Սիրիա։ Նրանք այնտեղ զբաղվում են մարդասիրական ականազերծմամբ, նաև բժշկական անձնակազմ է այնտեղ աշխատում։ Մինչ Դուք հարցը հնչեցնում էիք, ես ցանկանում էի գտնել կոնկրետ վիճակագրություն, թե քանի վիրահատություններ են այնտեղ արել մեր բժիշկները, քանի հաճախորդներ են ընդունել. նրանք մի քանի հարյուր վիրահատություն են արել, ընդունել են մի քանի հազար այցելու, այնտեղ նաև մանկաբույժ է աշխատում, շատ երեխաների են բժշկական օգնություն տրամադրում, և, իհարկե, մենք լավագույնն ենք մաղթում Սիրիային և սիրիացի ժողովրդին։

Իհարկե, Թուրքիայի ներխուժումը մեզ շատ անհանգստացրեց։ Մենք հայտարարություն արեցինք և դատապարտեցինք այդ քայլը։ Դա ներխուժում է Սիրիայի տարածք՝ առանց Սիրիայի կառավարության հրավերի, և դա դատապարտվում է մեր կողմից։ Դա, իհարկե, չի նպաստում Սիրիայում խնդիրների լուծմանը, այլ, ընդհակառակը, ավելի է բարդացնում այդ լուծումը։ Մենք անհանգստացած էինք նաև այն պատճառով, և այդ մասին ես արդեն հրապարակային խոսել եմ, որ Ղամիշլի քաղաքում ապրում են բավական շատ հայեր, և երբ մենք Աշխաբադում էինք, ես այդ հարցի շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ և արդեն հրապարակային նաև նրան երախտագիտություն եմ հայտնել այն բանի համար, որ, ինչպես մենք արդեն կարող ենք հասկանալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրավոր պայմանավորվածություններից, մեր անհանգստությունները Ղամիշլիի մասով հաշվի են առնվել, և ես հենց այդպես եմ պատկերացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը։ Սա շատ կոնկրետ օրինակ է, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններն այդպես էլ կզարգանան։