Ավտովարձույթի նոր առցանց հարթակ՝ ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ. Հայաստանում և Հայաստանից մեքենաների ամրագրումը առավել հասանելի է և դյուրին
|
![]() |
Ավտովարձույթն աշխարհում զբոսաշրջության ամենատարածված ծառայություններից մեկն է, որի զարգացման կարևոր գործոն են ամրագրման առցանց հարթակները։ 2015թ.-ից ավտովարձույթի շուկայում գործող հայաստանյան JMS ընկերությունն այդպիսի հարթակ ստեղծել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, երբ 2017թ.-ին ֆրենչայզ համաձայնություն ձեռք բերեց՝ բացառիկ իրավունքով ներկայացնելու ավտովարձույթի Enterprise Rent-A-Car ամերիկյան ընկերությունը։
JMS ընկերության տնօրեն Արսեն Սուքիասյանի խոսքերով, ընկերությունն ուներ հստակ կարիք, որը բավարարելու համար դիմեցին ՎԶԵԲ-ին, ունենալու մի հարթակ, որն ամբողջությամբ ինտեգրված կլիներ Enterprise-ի միջազգային պլատֆորմին և հնարավորություն կտար ամրագրումներ անելու Հայաստանում և Հայաստանից՝ աշխարհի իննսուն երկրներում։
«Ստեղծվեց enterprise.am կայքը, որն ամեն վայրկյան ստանում ու փոխանակում է տեղեկություն բրենդի միջազգային կայքերի հետ, հնարավորություն է տալիս առցանց ամրագրել ավտոմեքենա ցանկացած երկրում, ստանալ վերջին գների, պայմանների, մեքենաների հասանելիության մասին տեղեկություն Հայաստանում և Enterprise-ի ցանցի այլ երկրներում», ներկայացնում է Արսեն Սուքիասյանը։
«Հաճախորդների մեծ սեգմենտ են հայաստանցիները, որոնք մեքենա են ամրագրում երկրից դուրս օգտագործելու համար, և օտարերկրացիները», պարզաբանում է Սուքիասյանը։ «Արտերկիր մեկնող հայաստանցիներն այս համակարգով կարող են ավելի դյուրին ամրագրում անել՝ օգտագործելով ռուսալեզու տարբերակը, նաև հենց տեղում զանգել երևանյան գրասենյակ ու ճշտումներ անել, այն դեպքում, երբ մինչ այսօր օգտվում էին այլ երկրի կայքից ու ստիպված էին զանգել տվյալ երկիր՝ բացատրությունների ու մեկնաբանությունների համար»։
Ավելի քան չորս տարի գործող Floopen Studio ընկերությունը, որ մասնագիտացած է վեբ ծրագրավորման, կայքերի պատրաստման, հատուկ համակարգերի ստեղծման գործում, ՎԶԵԲ այս ծրագրում իրականացրեց JMS-ի համար հարթակի ստեղծման աշխատանքները։
Floopen Studio ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հարութ Աբրահամյանի ներկայացմամբ, իրենց համար ՎԶԵԲ-ի հետ աշխատանքի առաջին փորձով ստեղծված հարթակում կան նոր մոտեցումներ ու լրացուցիչ գործառույթներ, այն տալիս է առցանց ամրագրման հնարավորություն, ներառված է ճամփորդական բլոգ, որտեղ առկա են հոդվածներ Հայաստանում ճանապարհորդելու վերաբերյալ, խորհուրդներ, ինչն օգնում է մարդկանց որոշում կայացնել ճանապարհվելու Հայաստան։
«Հարթակն հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, ներդրվել է նաև ռուսերենը, ինչը փաստացի նորություն է գլոբալ enterprise.com-ի համար էլ, և այդ փորձը կարող է կիրառվել այլ երկրներում», ասում է Աբրահամյանը։ Ռուսերենի առկայությունը հնարավոր է դարձնում որոնման համակարգերում ռուսերենով արդյունքներ ցույց տալ, ներգրավել ռուսալեզու զբոսաշրջիկների։
Զբոսաշրջությանն առնչվող շատ կայքեր Հայաստանում, ըստ գործընկերների, գործառնական իմաստով սահմանափակ են, մինչդեռ enterprise.am-ը ոչ միայն այցեքարտ է, այլև Enterprise ընկերության գլոբալ համակարգին լայնորեն ինտեգրված հարթակ։
ԵՄ ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ-ի աջակցությամբ փաստացի ստեղծվել է ընկերության գործունեության համար շատ կարևոր մի ենթակառուցվածք, արդյունքում ընկերությունը մեծացրել է իր վաճառքը մոտ 47 տոկոսով, ավելացրել է վարձակալության հանձնվող մեքենաների քանակը՝ զբոսաշրջային սեզոնին հասցնելով այն 60-ի։
ՎԶԵԲ ծրագրի շրջանակներում JMS-ը օգտվել է նաև միջազգային խորհրդատվական ծառայությունից, փորձագիտական խորհրդատվություն ստացել շուկայի ուսումնասիրման, հարթակի ստեղծման, զբոսաշրջության և մարքեթինգի հարցում։
*Հայաստանում իրականացվող ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպական միությունը՝ «EU4Business»-ի շրջանակներում, Շվեդիան և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը։