Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ազգությունը և «հայու գենը»․ օրենսդիրները զվարճացնում են հանրությանը․ «Առավոտ»

 

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գրե՞լ, թե՞ չգրել ծննդյան վկայականներում երեխաների ազգությունը: Երեկ պատգամավորների քննարկումից կարելի էր հասկանալ, որ նրանք հակված են պարտադիր գրելուն: Գործող օրենքով 2005 թվականից սկսած ազգության նշումը պարտադիր չէ, դա արվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ։ Ինձ թվում է, ձևակերպումը նորմալ է, և այն փոխելու անհրաժեշտություն չկա: Ուրիշ հարց, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում ոչ միշտ են հետևում օրենքի տառին և ծննդյան վկայականներում նշում են կամ չեն նշում ազգությունը՝ առանց ծնողներին հարցնելու:

Հիշեցնեմ նաև, որ մեր անձնագրերում քաղաքացիություն բաժնում գրված է «Հայաստանի Հանրապետություն», ինչը նշանակում է, որ, անկախ այն հանգամանքից՝ տվյալ անձնավորությունն ազգությամբ հայ է, եզդի, հրեա, թե ռուս, նա տվյալ պետության քաղաքացի է:

Միանգամից ասեմ, որ ես հավասարապես հպարտ եմ թե՛ իմ քաղաքացիությամբ, թե՛ ազգությամբ: Եվ այն, որ ես վերապահումով եմ վերաբերվում «հայու գեն» հասկացությանը, ամենևին էլ չի հակասում այդ զգացողությանը: Որովհետև ազգությունը ոչ թե ֆիզիոլոգիական, այլ մշակութային երևույթ է: Ազգությունը չի կարող որոշվել քթի կամ գանգի ձևով, ճիշտ նույն ձևով չի կարող պայմանավորվել ԴՆԹ-ով:

Վերջերս հայկական լրատվամիջոցներում հաճախ է հայտնվում մի տեղեկություն, համաձայն որի, հազարավոր թուրքեր որոշել են ստուգել իրենց ԴՆԹ-ները՝ որոշելու համար, թե որքանով են իրենք թուրք և սարսափահար հայտնաբերել են, որ այս կամ այն չափով հայ են: Ինչպե՞ս է դա հնարավոր: Կենսաբանը նայում է իր մանրադիտակի մեջ և վճի՞ռ է կայացնում՝ դու 50 տոկոսով հայ ես, 40 տոկոսով՝ թուրք և 10 տոկոսով էսկիմոս: Լավ, ընդունենք, թե դա հնարավոր է, և, ասենք, Սերգեյ Կուրղինյանի և Ֆիլիպ Կիրկորովի քրոմոսոմները ցույց են տալիս, որ նրանց արյան մեջ «հայու գենը» 50 տոկոս է կազմում, ի՞նչ է դա տալիս, որքանո՞վ է դա նրանց հայ դարձնում:

Հիմա ենթադրենք, որ անցած 30 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթած ընտանիքի երեխայի ծննդյան վկայականում գրված է, որ նա հայ է: Նա ապրում է, ասենք, Չելյաբինսկում, հաճախում է ռուսական դպրոց, հայերեն գրել-կարդալ չգիտի, շփման հիմնական լեզուն ռուսերենն է, նախնիների հայրենիքի հետ էլ ոչ մի կապ չունի: Ինչո՞վ է նրան օգնելու ազգության մասին գրառումը, որը բացարձակ ոչ մի դեր չի խաղա նրա կյանքում: Կարող է նաև հակառակ դեպքը լինել. կան մարդիկ, որոնք միայն մեկ քառորդով են հայ, այսինքն՝ միայն նրանց մեկ տատիկը կամ պապիկն է հայ, բայց այդ մարդիկ իրենց դրսևորում են իբրև լիարժեք հայեր: Այնպես որ՝ վկայականում ազգություն գրել-չգրելը էական նշանակություն չունի և իսկապես պետք է թողնվի ծնողների հայեցողությանը:

Սեռը, այո, ֆիզիոլոգիական կատեգորիա է, որով կարելի է նույնականացնել տվյալ անձին: Այս առումով պատգամավորներն իրավացի են՝ սեռը պետք է գրվի ոչ միայն անձնագրում (ինչն արդեն կա), այլև ծննդյան վկայականներում: Մնացած, «հարակից» քննարկումները, կարծում եմ, «շոու» են, որով մեր օրենսդիրները զվարճացնում են հանրությանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։