Անվստահություն, քաոս և խուճապ: Ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում մարդկանց վրա և ինչպե՞ս վարվել դրա հետ. EU Neighbours
|
![]() |
«Ամերիկացիները կարող են ստեղծել մանրէաբանական զենք», «Վրաստանը դիտավորյալ վարակում է մոծակներին ու վերջիններիս ուղարկում Ռուսաստան», «Հրապարակվել են վրացական լաբորատորիաներում զանգվածային մահացությունների մասին տվյալներ»:
Ո՛չ, սրանք ապոկալիպսիսի մասին հոլիվուդյան թրիլերից քաղված արտահայտություններ չեն, ինչպես կարող էիք կարծել: Սրանք հատվածներ են Թբիլիսիի արվարձաններում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Այս լաբորատորիան աշխատում է Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերությամբ: Բայց կենտրոնի գործունեությունը, չգիտես ինչու, առավելապես մտահոգում է Ռուսաստանին, որն ապատեղեկատվության ու քարոզչության միջոցով պարզապես «ռմբակոծում է» լաբորատորիան:
«2018 թ.-ի սեպտեմբերին ամբողջ աշխարհը խոսում էր Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում «Նովիչոկ» նյարդա-կաթվածային նյութի օգտագործման մասին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը խոսում էր Լուգարի լաբորատորիայի մասին՝ որպես մի վայրի, որտեղ ԱՄՆ-ն, իբրև թե, Ռուսաստանի Դաշնության դեմ կենսաբանական զենք էր պատրաստում», - պատմում է ԶԼՄ-ների զարգացման վրացական հիմնադրամի գիտաշխատող Սոպո Գելավան:
Եթե Google-ի կամ YouTube-ի որոնման վանդակում մուտքագրեք «Լուգարի լաբորատորիա» արտահայտությունը, ապա կտեսնեք, որ դրա վերաբերյալ ահաբեկող նորությունների մեծ մասը պատրաստվել են հենց ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Այդ առասպելները հաղթահարելու համար Լուգարի լաբորատորիան բացեց իր դռները և ցույց տվեց, թե ինչ է կատարվում ներսում:
«Լաբորատորիան ավելի շատ ռուս լրագրողների է ընդունել, քան՝ վրացի: Եվ նրանց թույլ տվեցին մուտք գործել բոլոր սենյակներ ու շենքեր», - ասում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պատա Իմնաձեն:
Բայց նույնիսկ լաբորատորիայի տարածքում անընդհատ կազմակերպվող բաց շրջագայությունները չօգնեցին, որպեսզի ռուսաստանյան քարոզչամիջոցները փոխեն իրենց տեղեկատվական օրակարգը: Օրինակ՝ ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը արհամարհանքով և անվստահությամբ նկարագրեց լաբորատորիայի կազմակերպած «բաց դռների օրը»:
Իհարկե, Լուգարի լաբորատորիայի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների «ճչացող» հայտարարություններից և ոչ մեկը ճշմարիտ չէր, և դրանք բոլորը հերքվեցին առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Բայց նրանք հասան ցանկալի արդյունքի. վրացիների 20%-ը վստահ է, որ լաբորատորիան նպաստում է համաճարակների տարածմանը: Ահա այսպես է աշխատում ապատեղեկատվությունը՝ հետճշմարտության դարաշրջանում:
2017 թ.-ին Եվրոպական միությունը գործարկեց euvsdisinfo.eu ռեսուրսը՝ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Այն վարվում է երեք լեզվով` անգլերեն, ռուսերեն և գերմաներեն: Կայքն ունի ապատեղեկատվության տվյալների շտեմարան, որում հավաքվել է մոտ 8 հազար օրինակ (2015 թ.-ից ի վեր):
Ապատեղեկատվական հաղորդագրությունների կեսի թիրախում Խորհրդային Միությանը նախկինում մաս կազմած վեց երկրներ են. Ադրբեջան (31), Հայաստան (80), Մոլդովա (132), Բելառուս (252), Վրաստան (345), Ուկրաինա (3193): Հենց նրանց է Ռուսաստանն արդեն երկար ժամանակ ցանկանում պահել իր ազդեցության ուղեծրում:
Այս երկրների դեմ կիրառված ապատեղեկատվության օրինակներից շատերն ուղղված են խուճապի սրմանը, ներքաղաքական իրավիճակի խաթարմանը, ահաբեկմանը կամ ռազմական լարվածության թեժացմանը (Ուկրաինայի դեպքում): Ուղերձները հաճախ պարզապես անհեթեթ են թվում, հաճախ էլ ունեն բացահայտ ստի կամ շրջադարձված տեղեկատվության տեսք: Բայց դրանից դրանց արդյունավետությունը չի նվազում:
«Ապատեղեկատվության ամենաբարձր մակարդակի հետ Ուկրաինան առնչվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբաս ներխուժման ժամանակ: Դրանք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հիբրիդային քարոզչական գործիքներ էին», - ասում է ուկրաինական «Сегодня» առցանց լրատվամիջոցի քաղաքական մեկնաբան Կրիստինա Զելենյուկը:
Հայաստանցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրրոսյանի խոսքով, ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է, և այնտեղ աշխատում են լավ մասնագետներ, ովքեր անընդհատ մարդկանց մանիպուլացման նոր գործիքներ ու մեթոդներ են փնտրում:
«Այսօր հնարավոր է ժամերի ընթացքում խուճապ տարածել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Տեղեկատվությունն այնքան արագ է տարածվում, որ մարդկանց համար գրեթե անհնար է նույնականացնել ապատեղեկատվությունը», - ասում է Սամվելը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: