Հոգեխանգարմունքի հասած հիասթափությունն ու անորոշությունը՝ դեպի ընտրություններ ճանապարհին
|
![]() |
Արտահերթ ընտրությունները դեռևս առջևում են, ամիսներ կա, անգամ հստակ չէ՝ տեղի կունենան, թե ոչ, բայց արդեն ընտրապայքարի նմանվող գզվռտոցն ու հանրային անորոշության բաժինն ավելացնող հայտարարությունները հոգի են պղտորում, դարդերին դարդ ավելացնում ու հստակորեն մատնացույց անում, որ վատագույնը թերևս առջևում է:
Գնում ենք ընտրությունների, իբր թե գնում ենք, իրականում գլորվում ենք, սողում, քարշ գալիս... Խոսքն այս դեպքում նրանց մասին է, ում համար 44-օրյա պարտությունն ուդրա ծանրագույն հետևանքները անորոշության ամենակուլ զգացում են առաջացրել, չգիտակցված հոգեխանգարմունք, իրավիճակ, երբ ոչ մի կերպ հնարավոր չէ հստակ գիտակցել ահավորության աստիճանն ու իրավիճակի ծանրությունը:
Բոլոր նրանք, ովքեր վազքով շարժվում են ընտրությունների, որ էլի ժողովրդի համար, ժողովրդի միջոցով ու էլ չգիտեմ ժողովրդի ինչ այլ հոլովումներով բոլորիս փորձեն համոզել, թե այս խորը փոսից դուրս գալու միակ ճանապարհն են, հայաստանյան ընտրությունների վատագույն ավանդույթների ուժով ընկղմելու են վիրավոր երկիրն ու կիսացնոր իրականությունը նոր թմբիրի մեջ. փրկիչ են, բա ինչպես...
Յուրաքանչյուր օր նախորդ օրվանից ավելի վատն է մատուցում, անբարոյից մնացել է աննամուսը, անմիտից՝ դատելու անկարողությունը:
Եվ ամենացավալին այն է, որ կրկեսի ընտրություններ արարի բնութագրական այս իրավիճակը դեռ սկիզբն է... Մինչդեռ դատական անմեկնելի վճիռներից ու դատավճիռների հրապարակման դահլիճներից ոչ հեռու օդը լցվում է օտարալեզու տատանումներով ու ցնցում Սյունիքի հիմնասյուները...
Դղրդոցը լսողին խելագարեցնել կարող է...