Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am
|
![]() |
Հունիսի 12-ին ԱՄՆ-ի ու Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ վերադարձվեցին Հայաստան: Հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին ականապատ տարածքների, տվյալ դեպքում՝ Ակնայի շրջանի, քարտեզներ է փոխանցել Բաքվին, փոխանցում է lragir.am-ը:
«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրաստ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը», հունիսի 12-ին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ուշագրավ պարզաբանում է այն առումով, որ չնայած եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է գերիների վերադարձը, սակայն Մոսկվան ու Բաքուն եռակողմի այդ կետի դիմաց պայմաններ են դրել Հայաստանի առաջ: Պարզվում է կառավարությունը վաղուց է այդ քարտեզները տրամադրում, սակայն ի պատասխան ստանում էր Մուրադովի 2-3 հոգանոց գերիների խմբով կամ դատարկ օդանավերը: Ըստ ամենայնի, դրանով էին պայմանավորված կառավարության՝ նախկինում արված վստահ հայտարարությունները, թե շուտով գերիների հարցը լուծվելու է: Այսինքն, խոստանում էին, բայց չէին վերադարձնում:
Հայ գերիները, իրականում՝ պատանդները, չափազանց հարմար լծակ են Մոսկվա-Բաքու տանդեմի ձեռքին՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար: Պետք է նկատի առնել, որ նրանց մեծ մասը պատանդառվել է նոյեմբերի 9-ից հետո, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները: Ընդ որում, պատանդառությունը տեղի է ունեցել ռուս «խաղաղապահների» ու Բաքվի զինվորականների համատեղ գործողության արդյունքում, Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած տարածքում:
Մոսկվան ականապատ տարածքների քարտեզները պահանջում է վաղուց, եւ հաշվի առնելով այս հանգամանքները, պատանդների դիմաց փորձում է մեծացնել «փրկագինը»: Ամերիկյան միջնորդությամբ հայ գերիների զգալի խմբի վերադարձն այս առումով ապտակ է Մոսկվային եւ հաստատում է վերոհիշյալ պնդումները:
Գերիների վերադարձից հետո Հայաստանում քննարկումներ սկսեցին, թե արդյոք համարժեք էր փոխանակումը: Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ բավական լուրջ քարտեզներ են տրամադրել Բաքվին, ասելով, թե ներկայում, ցավոք, ականապատ տարածքները գտնվում են նրանց թիկունքում: Նա նկատի ունի մինչ սեպտեմբեր 27-ը շփման գիծը: Բաքուն սա ներկայացնում է որպես հերթական նվաճում, ասելով, թե այդպիսով հնարավոր կդառնա այդ տարածքների բնակիչների վերադարձը: Մինչ այժմ այդ «վերադարձը» արգելվում էր հենց այդ պատճառաբանությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: