Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սահմանադրական դատարանն իմ դիմումով կասեցրել է Կառավարության որոշման գործողությունը

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում․

Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:

Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:

Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:

Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:

Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին:

Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան