Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թշնամանք ու ատելություն գեներացնելը և «նախկիններ» թեզն այլևս օգուտ չեն տա․«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԸՀ-ն հայտարարեց, որ նոր ԱԺ-ում 71 մանդատ անցնում է ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 7 մանդատ։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ դիմելու է ՍԴ: Մինչ այդ՝ հասկանանք, թե ինչ ունենք գոնե պաշտոնապես հայտարարվածի առումով: Փաստորեն, նոր խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է ստանալու և իշխող ուժ է դառնալու։ Բայց չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ այս կուսակցության ցուցակում հիմնականում տեղ են գտել այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական առումով մեծ կշիռ չեն ներկայացնում, հիմնականում հանրությանն անհայտ են և ԱԺ-ում են հայտնվում դարձյալ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան տակ։

Այս համատեքստում հատկապես խորհրդանշական է այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից առաջ գնաց Ընտրական օրենսգրքի փոփոխության, որի արդյունքում ռեյտինգային ընտրակարգի փոխարեն ամբողջովին ներդրվեց համամասնական ընտրակարգ։ Շրջանառվող տեսակետի համաձայն, Փաշինյանը ռեյտինգային համակարգից հրաժարվելու որոշմանը հանգել է՝ հաշվի առնելով, որ տեղերում այս իշխանությունները չունեն համապատասխան կշիռ ունեցող թեկնածուներ, որոնք պետք է մրցեին ընդդիմության թեկնածուների հետ։ Իսկ վարչական ռեսուրսը ավելի հեշտ կարելի էր կիրառել համամասնական ընտրակարգի պարագայում՝ կոնկրետ ցուցակի համար: Ի վերջո, ինչպես 2018 թվականի ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ մարդիկ, ձայն տալով ՔՊ-ին, ոչ թե իրենց հավանությունն էին տալիս այս կուսակցությանը, առավել ևս՝ նրա ծրագրին, այլ ընտրում էին բացառապես Նիկոլ Փաշինյանին, իսկ մի զգալի մասն ուղղակի վախենում էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձից։

Ընդ որում, այս դեպքում գործ ունենք թե՛ տեղեկատվական խաբեության զոհերի հետ, թե՛ երկրում կարգուկանոն հաստատելու գաղափարից սարսափողների: Ստացվում է, որ, իրենց իսկ խոստովանությամբ, եթե ՔՊ ցուցակում տեղ գրավեին Փաշինյանի սելֆիի ձողը, կեպին ու ուսապարկը, ապա դրանք, ըստ երևույթին, նույն հաջողությամբ խորհրդարանում մանդատներ կստանային։ Այդուամենայնիվ, ստացվում է, որ այդ ամենով հանդերձ ՔՊ-ն կարող է ինքնուրույն կառավարություն ձևավորել և կրկին ստանձնել պետության ղեկը։ Բայց մի կարևոր հանգամանք հայտնվել է իրավաբանների ուշադրության կենտրոնում, թե արդյո՞ք 71 մանդատը բավարար է սահմանադրական օրենքներ փոփոխելու կամ անցկացնելու համար։ Մասնագետների մի մասը գտնում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատը դեռ չի կազմում ԱԺ-ի 2/3-ը (71,33), իսկ որոշ իրավաբաններ էլ հակառակ տեսակետն ունեն: Սակայն այս պարագայում շատ ավելի կարևոր է ընդդիմության ներկայացվածությունը:

Ճիշտ է, ընդդիմությունը խորհրդարանում ներկայանալու է ընդամենը 36 մանդատով, սակայն ցուցակների հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու, որ ինտելեկտուալ, մտավոր զարգացածության, պրոֆեսիոնալության մակարդակով և փորձով ընդդիմադիրները մեծապես գերազանցում են իշխանության ներկայացուցիչներին։ Ուստի, արդեն կանխատեսելի է, որ, պարտվելով գաղափարական, բանավիճային, փաստարկվածության դաշտում, իշխանություններն այս խորհրդարանում ևս փորձելու են ատելության քարոզ տանել, թշնամանք գեներացնել, նորից առաջ քաշել «նախկինների» հնամաշ թեզը։ Սակայն, շատերի կարծիքով, այս տակտիկան այլևս չի կարող արդյունավետ լինել, որովհետև մարդիկ հոգնել են այդ ամենից ու պարզապես ուզում են կոնկրետ աշխատանք տեսնել, արդյունք տեսնել, այլ ոչ թե կռիվ հողմաղացների դեմ: Ի դեպ, նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ ընդդիմության դիրքերը կարող են էլ ավելի ամրապնդվել, քանի որ աղաղակող ընտրախախտումների հետ կապված՝ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ։

Իսկ ՍԴ-ի որոշումներից մեկն էլ կարող է լինել արդյունքները անվավեր ճանաչելն ու մանդատների բաշխման նոր կարգ սահմանելը, որով ընդդիմությունը լրացուցիչ մանդատներ կարող է ստանալ։ Արդեն կանխատեսելի է, որ գրագիտության և կազմակերպվածության աստիճանով իշխանություններին մի քանի անգամ գերազանցող ընդդիմությունը խորհրդարանում օր ու արև չի տալու իշխանություններին։ Սա, ի դեպ, կարող է խթան դառնալ իշխանությունների համար, որ հասկանան՝ բացի արդյունավետ աշխատելուց, իրենց աթոռները պահելու այլ ելք այլևս չունեն։ Եթե հասկանան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում