Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Անընդունելի է որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում.«Փաստ»

 

«Հուլիսի 1-ից Հայաստանում գործում է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: Սակայն activesociety.am վեբ կայքում հնարավոր է գրանցվել միայն eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։ Քաղաքացիները դժգոհում են, որ էլեկտրոնային նույնականացման քարտ կարդալու սարք, մեղմ ասած, ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Երկրորդ դեպքում՝ պահանջվում է բջջային նույնականացման քարտ, որը տրամադրող կազմակերպությունը սպասարկում է միայն «Բիլայն» ընկերության համարներ, այն էլ՝ հատուկ քարտերով, այսինքն՝ քաղաքացին պետք է պարտադիր նոր քարտ գնի: Ստացվում է, որ քաղաքացիները, որոնք ցանկանում են արձանագրել իրավախախտումներ, հայտնվում են անհավասար պայմաններում, սահմանափակվում են օրենքից օգտվելու նրանց իրավունքները: Այս հարցով դիմել էինք ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացել ենք պատասխան, որ նման կարգավորմամբ որևէ խտրական մոտեցում չի դրվել:

«Նպատակ է հետապնդվել, որպեսզի բացառվի երրորդ անձի կողմից որևէ մեկ այլ քաղաքացու անձնական տվյալներով բջջային հավելվածի օգտատեր դառնալը, քանի որ հակառակի դպքում՝ օրինակ ֆինանսավարկային, ապահովագրական, ոտիկանության և այլ կազմակերպությունների և պետական մարմինների աշխատակիցները, ունենալով հասանելիություն որևէ անձի անձնական այս կամ այն (հարցմամբ որպես օրինակ նշված տվյալներին) տվյալներին, կկարողանային այլ անձի անունից գրանցվել որպես բջջային հավելվածի օգտատեր»,- ասված է պատասխանում։

Մեկ այլ հարց վերաբերում է այն հանգամանքին, որ լուսանկարահանելիս, տեսանկարահանելիս երթևեկության մեջ գտնվող վարորդն իր հեռախոսով որոշակի գործողություններ է կատարելու: Արդյո՞ք սա ինքնին իրավախախտում չէ: «Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն ինքնին իրավախախտում է և անընդունելի որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում»,- պատասխանել են ոստիկանությունից։

Այսինքն՝ մեքենայի ընթացքի մեջ գտնվող վարորդը չի կարող արձանագրել խախտում: Մնում է հասկանալ, թե այդ դեպքում ինչպես է դա իրականացվելու, ում է վերաբերում այս օրենքը, ինչպես է գործելու և ինչի համար է գրվել ընդհանրապես»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։