Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Կկատարվեն ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նոր սանհանգույց և ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակներ՝ վերածվելով համագործակցային դասասենյակների։ Կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ։

Նախագիծը կիրականացվի «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար: Վերջին ամիսներին Խրամորթ գյուղում բնակություն են հաստատել նաև Հադրութի շրջանից ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տեղահանված ընտանիքներ:

«Երկարօրյա դպրոց» ծրագրի նպատակն է բարելավել միջնակարգ կրթության որակը Արցախում, հնարավորինս վերացնել ծնողների կողմից տնային աշխատանքի հարցում երեխաներին տրամադրվող օգության անհավասար պայմանները, ստեղծել շփվելու և աշխատանքի նոր հնարավորություններ, ապահովել որակյալ, հավասարակշռված սննդակարգ աշակերտների համար, հաղթահարել զարգացման անհավասարությունը գյուղական և քաղաքային վայրերի միջև և Արցախի շրջաններն ավելի հրապուրիչ դարձնել քաղաքային բնակավայրերի բնակչության համար։

Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելեց. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։