Որակյալ մեդիադաշտը՝ պետության զարգացման հիմք
|
![]() |
Խոսքի ազատություն արտահայտությունն ընկալվում է որպես քննադատության, հարցեր առաջ քաշելու անկաշկանդ գործունեություն։ Լրագրողական գործունեության այս շրջանակն ուրվագծվում է Եվրոպական միության անդամ, ԵՄ անդամ դառնալու կամ ԵՄ հետ սերտ համագործակցության ճանապարհը նախընտրած երկրների համար պարտադիր փաստաթղթերում։
Իսկ ինչպե՞ս հավասարակշռել լրագրողական ազատություններն ու պետության զարգացման համար անհրաժեշտ արդյունավետ կանոնները։ Սա այն հարցն է, որը վաղ թե ուշ ծագում է գրագետ մեդիադաշտ ունենալու ձգտում ունեցող երկրներում։ Հստակ է, որ եթե կան ընդունված օրենքներ, հանրությունը հետևողականորեն առաջնորդվում է այդ օրենքներով, ապա խնդիրներ չեն կարող լինել մեդիադաշտի օրինական գործունեության առնչությամբ։ Խնդիրներ կարող են ծագել մշտապես դժվարություների վրա սևեռվելու և լուծումներ չգտնելու դեպքում։ Հայաստանում այդ վիճակն է։
Ո՞րն է ելքը։ Որ ճանապարհն էլ որ ընտրենք, չենք կարող անտեսել ուրիշների փորձը։ Ի՞նչ օրենսդրական դրույթներով, մեդիակարգավորման ինչպիսի՞ մոտեցումներով և մեդիադաշտում բիզնեսի գործունեության ո՞ր մոդելը կարող է առավագույնս նպաստել բարձրակարգ մեդիայի արդյունավետությանը, հետևաբար՝ երկրի զարգացմանը։
Ժողովրդավարության զարգացման փորձով մատնացույց արվող երկրներից են սկանդինավյան պետությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ ժամանակին պայմանավորվել են, որ իրենց երկրի համար պատասխանատու են բոլորը։ Բացառապես բոլոր մարդիկ, որոնք տվյալ երկրի քաղաքացի են։ Այս հիմքով բաժանվել են պարտականությունները, սահմանվել օրենքներ, ստանձնել պատասխանատվություն՝ բոլորի համար ընդունելի կանոններին հետևելու վերաբերյալ։
Առանձնացնենք սկանդինավյան երկրներից ամենաառաջինը լրագրողական դաշտում հստակ համակարգ ներդրած երկրի՝ Շվեդիայի փորձը։
Շվեդիայում խոսքի ազատության մասին օրենսդրությունն ունի պատմական հիմքեր։ Դեռ 1766 թվականին այս երկիրը որոշեց մամուլի ազատության ակտով արգելել գրաքննությունը։ Դա աշխարհում նման առաջին օրենքն էր։ Եվ օրենքով գրաքննության արգելքի նորմը մտավ Շվեդիայի Սահմանադրություն։ Սա այն դեպքում, երբ դեռ այն տարիներին էլ երկիրը մոնոէթնիկ չէր, խոսում էին տարբեր լեզուներով, կային շատ տարբեր մշակույթ ունեցող խմբեր։ Բայց մարդիկ պայմանավորվեցին ու որոշեցին, որ հասարակության զարգացման համար օրենքները վեր են ամեն ինչից։
Պատկերացնո՞ւմ եք՝ այսօրվա Շվեդիայում լրագրողական գործունեություն իրականացնողին հարցնեք, թե ինչ կլինի, եթե Դուք Ձեզ համարեք «Հավաստի աղբյուր», առանց փաստեր վկայակոչելու հրապարակեք Ձեր լսածը կամ որևէ սոցիալական ցանցից արտագրած տեղեկությունը, կամ նույնիսկ Ձեր՝ 100 տոկոսով իմացածը։ Շվեդական թերթի թղթակիցը չի հավատա, որ հարցը լուրջ է, որ կարող է լրագրողն առհասարակ որևէ տեքստ հրապարակել առանց պատշաճ կանոնակարգերին հետևելու, առանց ճշտումների, առանց հնարավորինս հետաքննություն անելու, առանց կարևորելու լրագրողական կոչման նշանակությունը երկրի զարգացման գործում։
Ուրեմն 18-րդ դարի կեսերին, երբ Շվեդիայում մշակույթի և գիտության զարգացման հետաքրքիր ժամանակաշրջան էր, մեդիայի ինքնաբավ համակարգի սկիզբը դրվեց։ Դեռ մամուլի ազատութան մասին դրույթը ձևակերպելուց առաջ էր Շվեդիայում թևածում միտքը, որ յուրաքանչյուր շվեդ կարող է սեփական աչքերով տեսնել և կարդալ այն, ինչ Աստված կամենա իր սուրբ խոսքով։
Այս ելակետը շվեդական լրատվամիջոցներում մինչ օրս այնքան կենսունակ է, որ երբեմն կարող է թվալ՝ լրագրողները հոգևոր գիտելիքների հսկայական պաշարներ ունեն, կաշկանդված են վերին ուժերով։ Բայց սա ընդամենը մասնագիտության ընկալման հարց է։
Լրագրողների պատասխանատվության հարցը հիմա առավել քան երբևէ կարևորագույններից է այս մասնագիտությունն ընտրած մարդկանց համար։ Թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ավելի ու ավելի է մեծանում ստույգ, իրականությանը համապատասխանող, ճիշտ ձևակերպված տեղեկություններ ստանալու պահանջը։
Ուստի, անհրաժեշտ է պետության ու հանրության տարբեր օղակներում հստակ սահմանել լրագրողական գործունեության ոլորտը կարգավորելու պատասխանատվության չափը։
Յուրաքանչյուր լրագրողից սկսած, լրագրողական կազմակերպություններով, մասնագիտական միավորումներով, դատաիրավական ոլորտի առանձին մարմիններով ու վերջապես մեդիաոլորտի սեփականատերերով ու գովազդատուներով վերջացրած՝ անհրաժեշտ է կազմակերպել մի կուռ համակարգ, որը կապահովի և՛ խոսքի ազատությունը, և՛ անաչառ տեղեկություն ստանալու իրավունքը, և՛ գործարարության ոլորտում այս գրավիչ ճյուղի զարգացման ճանապարհը։
Բայց այս նպատակին հասնելու համար օդուջրի չափ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոլորտում լինի մեկ ընդհանուր գաղափար՝ բարձրակարգ մեդիայի միջոցով զարգացած պետության կերտման ուղու կարևորությունը։
Անուշ Մարտիրոսյան
(Շարունակելի)